Երևանյան կինոէկրաններ է բարձրացել «Ֆուլ հաուս» սիրված սիթքոմի հիման վրա ստեղծված «Ֆուլ Հաուս. վայրէջք» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում՝ համախմբելով ստեղծագործական թիմին, դերասանական կազմին և բազմաթիվ երկրպագուների։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ փակ ձևաչափով․ այն նախ ցուցադրվեց լրագրողների համար, որից հետո կայացավ ստեղծագործական թիմի և դերասանական կազմի մասնակցությամբ ասուլիսը։
«Ֆուլ Հաուս․ վայրէջքը» սիրո մասին է»,– նշեց ստեղծագործական թիմը։ Տամարայի դերը մարմնավորած Մարջան Ավետիսյանը հույս հայտնեց․ «Այն էմոցիաները, որ մենք ապրել ենք նկարահանումների ընթացքում, հույս ունեմ, որ էկրանից կփոխանցվի»։

Տարիներ շարունակ դերասաններին «բարև»-ից հետո հարցրել են՝ «Ֆուլ Հաուսը ե՞րբ է լինելու»։ Այսօր այդ հարցն արդեն ունի պատասխան․ «Ֆուլ Հաուսը կա»՝ ֆիլմի ձևաչափով։ «Ֆուլ Հաուս. վայրէջք»-ի գլխավոր ասելիքն այն է, որ եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են միմյանց և միասին են, կարող են հասնել ամեն ինչի՝ անկախ հանգամանքներից։
«Ֆուլ Հաուս. վայրէջք»-ը գեղարվեստական ֆիլմ է՝ նոր սցենարով, որը չի կրկնում սիթքոմի բովանդակությունը։ Ֆիլմի ռեժիսորն է Կարեն Ամյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմը նպատակ չի ունեցել սիթքոմը նույնությամբ տեղափոխել մեծ էկրան․ ֆիլմը պետք է ունենար իր դրամատուրգիան, հումորային իրավիճակներն ու զգացմունքային շերտը։
Սցենարի վրա աշխատանքները իրականացվել են մի քանի փուլով։ Սցենարի համահեղինակ Գրիգոր Դանիելյանը նշեց․ «Շուրջ 6 draft տարբերակ ենք ունեցել։ Մի քանի անգամ աշխատել ենք սցենարի վրա, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի համար։ Կարծում եմ՝ հաջողել ենք, իսկ վերջնական գնահատականը կտա հանդիսատեսը»։
Սցենարի համահեղինակ Գարիկ Սեփխանյանի խոսքով՝ թիմը գիտակցաբար հրաժարվել է սիթքոմի հերթական եթերաշրջանից՝ որակը չվնասելու համար։ «Մենք չէինք ցանկանում, որ «Ֆուլ հաուս»-ի որակը տուժեր, այդ պատճառով էլ այն ավարտեցինք հաջողության գագաթնակետին և վերադարձանք միայն գեղարվեստական ֆիլմի ձևաչափով»։
Ֆիլմի ցուցադրության ընթացքում լրագրողների ուշադրությունից չվրիպեցին անգամ ամենափոքր դետալները, հետաքրքրվեցին՝ որքա՞ն է գումար է ծախսվել ֆիլմի վրա, ինչքա՞ն են տեւել նկարահանումները, որտեղի՞ց են գտել ֆիլմի շքեղ առանձնատունը, անգամ Լիկայի՝ Արփի Գաբրիելյանի զոհողությունից հարցրեցին՝ Ստեփանավանի անտառներում ո՞նց է դիմացել՝ բարձրակրունկ ճտքավոր կոշիկներով։ «Արվեստը զոհեր է պահանջում»,–ասաց Մարջան Ավետիսյանը։ Իսկ Արփին հավելեց․ «Երբ դու սիրով ես անում, բոլոր դժվարություններն անցնում են ու չես էլ հիշում՝ որքան էին ցավում ոտքերդ ու իրականում որքան դժվար էր»։ Գրիգոր Դանիելյանն էլ հիշեց, որ դրվագներից մեկը նկարահանելու համար, որը ֆիլմում 1 վայրկյան էր, ցրտին, անձրեւին ինքը տկլոր 2.5 ժամ մնացել է։
Դրվագներից մեկում երեւում էր 666 համարանիշով մեքենա ու քանի որ հովանավորներից էր «Alex»-ը, Tribune.am-ի լրագրողը հետաքրքրվեց՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյա՞նն էր տրամադրել մեքենան։ Նրանք կատակեցին․ «Այդ մեքենան ռուսական համարներով էր, ուրեմն Կադիրովն էր տվել»։ Իսկ Գրիգոր Դանիելյանը հավաստիացրեց․ «Վստահեցնում եմ, եթե մենք Սամվել Ալեքսանյանից մեքենա ուզեինք, ինքը հաստատ մեզ մի 10-15 հատ կտրամադրեր»։
Աղասի Մանուկյանը նոր «աղ ու բիբար» ավելացրեց ջերմ քննարկմանը՝ կատակելով․ «Ո՞ւմ դաչայում էինք նկարում՝ Սամվել Ալեքսանյանի։ Ասեմ՝ 4–րդ տղուս անունն էլ Ալեքս եմ դնելու»։

Ըստ Արփի Գաբրիելյանի, սա իրենց կյանքի կարեւոր ու բեկումնային նախագծերից է։ Ի դեպ, ֆիլմը Արփիի եւ Միհրան Ծառուկյանի համար ճակատագրական դարձավ, հենց այս ֆիլմից հետո նրանք ընտանիք կազմեցին։
Դերասանական կազմը ֆիլմի պրեմիերային հուզված էր, ինչպես Արմեն Պետրոսյանը կատակեց․ «Ոնց որ մեր վիպուսկնոյը լինի»։
Ըստ ստեղծագործական թիմի ֆիլմի գլխավոր ուղերձը սերն է։ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այն այսօր շատերի կյանքում բացակայում է․ «Եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են միմյանց և միասին են, կարող են հասնել ամեն ինչի։ Ֆիլմի առանցքային գաղափարներն են սերը, հոգատարությունը, համախմբվածությունն ու ընկերությունը»։
Ֆիլմում նկարահանվել են դերասանական գրեթե ողջ կազմը՝ Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մարջան Ավետիսյանը, Աղասի Մանուկյանը, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, ինչպես նաև նոր կերպարներ կային՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու ռուսաստանաբնակ դերասան Արտյոմ Կալաջյանը։ Ֆիլմում չի ընդգրկվել սիթքոմում Զառայի կերպարը մարմնավորած դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը թղթաբանական խնդիրների պատճառով չի կարողացել ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ «Թրամփն է մեղավոր»,– հումորով արձագանքեցին դերասանները։

«Ֆուլ Հաուս. վայրէջք»-ը ոչ միայն սիրված սիթքոմի վերադարձն է մեծ էկրան, այլև տարիների ընթացքում ձևավորված թիմի վերամիավորումը՝ նոր պատմությամբ ու նոր ձևաչափով։ Ֆիլմը հավատարիմ է մնում իր հիմնական գաղափարին՝ պատմելով սիրո, միասնականության և մարդկային կապերի մասին։ «Ֆուլ Հաուս. վայրէջք»-ն արդեն ցուցադրվում է Երևանի և Հայաստանի այլ քաղաքների կինոթատրոններում, իսկ թե որքանով կարդարանա տարիներ շարունակ ձևավորված սպասումը, ստեղծագործական թիմի խոսքով՝ կորոշի հանդիսատեսը՝ իր արձագանքներով և սպասելիքներով։ Երկրորդ գեղարվեստական ֆիլմի ստեղծման հավանականության հարցում թիմը հստակ խոստումներ չտվեց՝ թողնելով այն ևս հանդիսատեսի արձագանքին։ Ըստ նրանց՝ շարունակության լինել-չլինելը պարզ կդառնա ֆիլմի արձագանքներից։
Հասմիկ Անտոնյան

















