ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը քննադատել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի՝ սոցիալական ցանցերում կատարած գրառումը՝ խորհուրդ տալով նրան «ալկոհոլ չօգտագործել հրապարակումներ անելուց առաջ»։
Ավելի վաղ Կալասը գրել էր, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին և Չինաստանին։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած մաքսատուրքերը կարող են աղքատացնել թե՛ Եվրոպան, թե՛ Միացյալ Նահանգները և վնասել նրանց համատեղ բարգավաճմանը։ Կալասի խոսքով՝ դաշինքի ներսում առկա տարաձայնությունները չպետք է շեղեն հիմնական նպատակից՝ նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության ավարտին։
Ի պատասխան՝ Դմիտրիևը գրել է. «Սիրելի՛ Կայա, գուցե ավելի լավ է գրառում կատարելուց առաջ չխմել։ ԱՄՆ-ին «աղքատանալով» սպառնալը ուժի ցուցադրություն չէ, ինչպես դուք կարծում եք»։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների նկատմամբ կսահմանվի 10 տոկոս մաքսատուրք։ Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի 1-ից մաքսատուրքի չափը կբարձրանա մինչև 25 տոկոս։
Թրամփը նաև նշել է, որ սահմանված մաքսատուրքերը կմնան ուժի մեջ մինչև Գրենլանդիայի գնման շուրջ համաձայնության ձեռքբերումը։

















