Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։
France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի գնդակոծություններով, նյութական լայնածավալ վնասներով և քաղաքացիական ենթակառուցվածքների խաթարմամբ, ինչի հետևանքով Սիրիայի իշխանությունները ստիպված են եղել դիմել խիստ անվտանգության և նախազգուշական միջոցների։
Դադարեցվել են ուսումնական հաստատությունների և պետական կառույցների աշխատանքը, ժամանակավորապես փակվել է Հալեպի օդանավակայանը, իսկ ՄԱԿ-ը զգուշացրել է իրավիճակի հետագա վատթարացման և քաղաքական գործընթացների խափանման վտանգի մասին՝ կոչ անելով կողմերին վերադառնալ երկխոսության։

















