Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բնութագրվում են «Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ» կարգախոսով, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Այսօրվա չին-ռուսական հարաբերություններն առանձնանում են երեք հատկանիշներով՝ առաջինը՝ «Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ»։ Մեր հարաբերությունները գնալով ավելի են հասունանում՝ հիմնված պատմական փորձի շարունակական սինթեզի և անցյալի դասերից քաղելու վրա», – ասել է Վան Ին։
Դիվանագետը նշել է, որ «երկու երկրների ղեկավարներն իրենց բնորոշ քաղաքական հեռատեսությամբ պատմական որոշում են կայացրել՝ «փակել անցյալը և բացել ապագան»։
««Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ» սկզբունքը, որն ամրագրված է բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չին-ռուսական պայմանագրում, ամուր իրավական հիմք է ծառայում ավելի բարձր մակարդակով ռազմավարական համագործակցությունը խթանելու համար։
Ինչպես մեր ժողովուրդն է ասում. «Մոտ հարևանները հարազատների պես են, միմյանց միայն լավն են մաղթում»։ Միմյանց ճիշտ ռազմավարական ընկալման շնորհիվ մենք գտել ենք համակեցության երկարաժամկետ ուղի, որը համապատասխանում է ընդհանուր շահերին»,- ընդգծել է նախարարը:
Վան Ին ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար և ենթակա չեն արտաքին միջամտության։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով մարտի 31-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն բարձր մակարդակի շփումները, երկու երկրների հարաբերությունների զարգացումը և միջազգային, այդ թվում՝ Ուկրաինայի հարցերը։