Հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են դժվարին փուլում՝ աշխարհաքաղաքական անկայունության և տարածաշրջանային մարտահրավերների ազդեցությամբ, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում։ Դեսպանի խոսքով՝ իրավիճակը պահանջում է քաղաքական կամք, ռազմավարական հեռատեսություն և իմաստություն երկկողմ համագործակցության պահպանման համար։
Կոպիրկինը ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է և նշել, որ ԵՄ որոշ շրջանակներ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես ՌԴ-ին «ռազմավարական վնաս հասցնելու» հնարավորություն։
«Միևնույն ժամանակ, ԵՄ ղեկավարությունը չի թաքցնում իր մտադրությունը՝ ԵՄ-ի և Երևանի հարաբերությունները դիտարկել Ռուսաստանին՝ Հայաստանի դաշնակցին, «ռազմավարական պարտություն» հասցնելու իր ծրագրերի համատեքստում: Դեկտեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հստակեցրեց, որ ակնկալում է, որ Հայաստանը կմիանա հակառուսական անօրինական պատժամիջոցներին: Բրյուսելը, ըստ երևույթին, չի դիտարկում այն հետևանքները, որոնք դա կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար»,- ասել է նա։
ՌԴ դեսպանի խոսքով, Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկերը՝ երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձություն անցած երաշխավորը․ «Ռուսական մասնակցությամբ ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներից են և զգալի ներդրում են ունենում ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության մեջ։ Ռուս տնտեսվարողների առաջատար դիրքերը ոչ միայն մեր համատեղ պատմության ժառանգություն են, երբ մեր երկրները գործում էին մեկ ազգային տնտեսական համալիրի շրջանակներում, այլև մեր ժողովուրդների միջև սերտ մշակութային և հոգևոր մտերմության, ինչպես նաև լայնածավալ մարդասիրական և մարդկային շփումների շարունակություն։ Ես նաև կցանկանայի ընդգծել Հայաստանի 11-ամյա անդամակցության նշանակալի ներդրումը ԵԱՏՄ-ում, որի մեխանիզմները բառացիորեն խթանել են երկկողմ առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական համագործակցությունը՝ օգնելով մեզ հաղթահարել համավարակի և դրան հաջորդած աշխարհաքաղաքական «ցնցումների» ազդեցությունը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ փոխադարձ առևտուրը այս տարվա առաջին ինը ամիսներին հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի։ Անցյալ տարվա համեմատ այս զգալի անկումը պայմանավորված է ռուսական թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման անկմամբ։ Միաժամանակ, առևտրի կառուցվածքը բարելավվել է՝ այն դարձնելով ավելի քիչ կախված շուկայական պայմաններից և ապրանքների նեղ խմբից»,- ասել է նա։։
Ինչ վերաբերում է Մեծամորի Հայկական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերին, դեսպանը նշել է, որ գնդակը Երևանի դաշտում է․ «Պետական «Ռոսատոմ» կորպորացիան իր հայ գործընկերներին է ներկայացրել մանրամասն և խիստ շահավետ առաջարկների փաթեթ, որոնք պատրաստ են հնարավորինս շուտ սկսել դրանց իրականացումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի առումով իրական այլընտրանքներ չկան»,- ասել է նա։

















