Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, մասնավորապես, առևտրատնտեսական և մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հարցերում։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեությանը։
Նշվում է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

















