Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաև Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ Իվանա Ստամատովիչը և ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական կապեր, իսկ ժողովուրդները՝ ջերմ բարեկամական հարաբերություններ:
Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության շարունակական և արդյունավետ զարգացումը՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության փոխգործակցությունն ավելի խորացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը:
«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք և մասնակցում ենք համաժողովի աշխատանքներին: Կարևորում ենք Սերբիա-Հայաստան միջխորհրդարանական գործակցության խորացումը: Այս հարցում նշանակալի է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը»,- ընդգծել է Էդին Դերլեքը: Նա եւս խոսել է մի շարք բնագավառներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունների մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցության կարևորությանը:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պատվիրակության անդամներն արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ կունենան: