Հայաստանի Անկախության մասին հռչակագրի 12-րդ կետը սահմանում է, որ Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը։
«Այսինքն, անկախ դրանից, թե Սահմանադրության մեջ իրականացվում է փոփոխություն, թե մշակվում Հայաստանի Հանրապետության սահմանադրության նոր նախագիծ, այն չի կարող չպարունակել հղում Հայաստանի Անկախության հռչակագրին։ «Հայաստանի Հանրապետություն» անունով պետությունը ստեղծվել է այդ հռչակագրով, որը ենթակա չէ փոփոխության և չեղարկման։
Ովքեր ուզում են ենթարկվել ոչ թե Հայաստանի Անկախության հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, այլ ցանկանում են ենթարկվել Ադրբեջանի և Թուրքիայի օրենքներին ու շահերին, ապա կարող են իրենք տեղափոխվել Ադրբեջան և Թուրքիա մշտական բնակության, այլ ոչ թե մեր երկրում հաստատել ադրբեջանա-թուրքական տիրապետություն»,-գրել է նա։