Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական, եղբայրական ժողովուրդներ են, և փոխադարձ հարաբերություններն ի վերջո միշտ հիմնվելու են բարեկամության զգացմունքի վրա, սակայն Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու ՀՀ կառավարության վերջին որոշմանը, նա մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքն առ այն, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելն անհամատեղելի է, քանի որ տարբեր տնտեսական գոտիներ են։
«Անկասկած լեգիտիմ ՀՀ ղեկավարությունն ինքնիշխան իրավունք ունի որոշելու անդամակցության գործընթաց սկսել ցանկացած միջազգային միության հետ, որտեղ նրան սպասում են: Բայց նաև ՀՀ կառավարությունը պատասխանատվություն է կրում բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելու համար», – ասել է Լավրովը:
Խոսելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթղթի մասին՝ նա ասել է, որ շատ կարևոր է, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը:
Լավորվի խոսքով՝ Ռուսաստանը ևս բազմաթիվ ռազմավարական պայմանագրեր ուներ արևմտյան երկրների հետ, բայց դրանք երբեք կողմերից չեն պահանջել գործել երրորդ երկրների դեմ։