«Փաստ» թերթի հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու փաստին և Հարավային Կովկասի վրա ազդեցության հարցին ասել է. «Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար: Առաջին չորս տարին իր պարագայում տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն: Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ: Չմոռանանք նաև նրա երկու ուղերձները՝ հեռախոսազանգը, որն ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ և ուղերձ հղեց հայ համայնքին ընտրություններից առաջ: Իհարկե, դրանք նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, բայց սրանք նաև լավ հիմք են` դառնալու հաջորդ տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների աշխատանքի համար»։
Ընդգծենք, որ վերջին օրերին Թրամփն իր խոսքում կիրառել էր «Արցախ» անունը, նաև «էթնիկ զտումներ» տերմինը: Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփը՝ որպես նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման վրա: «Սա իրականում ամենաբարդն է, որովհետև Բայդենը կողմերին անընդհատ կոչ էր անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելի կլիներ: Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,-հավելում է ամերիկագետը:
Ամեն պարագայում Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները պետք է աշխատեն Միացյալ Նահանգների և նրա նորընտիր վարչակազմի հետ: Այս առումով մեր զրուցակիցը հետաքրքիր դիտարկում է անում: «Վստահ չեմ, որ մեր երկրի իշխանություններն ուզում են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել: Ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես խուսափում են հանրապետականներից: Սա հարցի մյուս կողմն է: Բայց կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի հետ կարող են աշխատել և՛ հայ համայնքը, և՛ լոբբիստները, և՛ եկեղեցին, հատկապես որ Թրամփի հետ ուղիղ կապ ունենալու փորձ, կարծես թե, ունենք»,-եզրափակում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը»։