2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: