ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։
«Մարտի 1-ի գործի հետ կապված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեղադրվում են հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով, դրանք մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ»,-ԱԺ-ում Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Վարդապետյանի խոսքով՝ իրենց տվյալներով` այդ անձինք գտնվում են Ռուսաստանում։
«Ռուսաստանի հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմի համաձայնությունը` այս անձանց արտահանձնելու»,- նշեց գլխավոր դատախազը։

















