Հայաստանը «շարունակում է հրաժարվել» ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց, ինչը հակասում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Գերատեսչության պնդմամբ՝ 2020 թվականից մինչ օրս Հայաստանի կողմից ականապատված տարածքներում (օկուպացված Արցախի Հանրապետության տարածքը-Խմբ.) ականների պայթելուց տուժել է 381 մարդ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հունվարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզների նոր ի հայտ եկած ութ տեղեկամատյաններ։
Ադրբեջանը, սակայն, ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։ Բաքուն պնդում է, թե Երևանի փոխանցած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։