Հայաստանի Հանրապետությունը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միացել է առանց պարտադիր անդամավճարի մասնակցության հիմունքներով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց խորհրդին անդամակցելու համար պահանջվում է 1 միլիարդ դոլար անդամավճար։
«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Բադալյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

















