ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանը ողջունում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման մասին առաջարկության ընդունումը և ընդգծել, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է բոլորի համար կրթության իրավունքի երաշխավորման կարևորությունը, հատկապես՝ զինված հակամարտությունների, օկուպացիայի, աղքատության, աղետների, մարդասիրական և այլ ճգնաժամերի հետևանքով տուժած երեխաների և սովորողների՝ ներառյալ փախստականների, ներքին տեղահանված անձանց, ռասայական խտրականության զոհերի և խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար։

















