Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ, պետք է վերացվեն, սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում, տարակուսանք է առաջացնում»։ Նրա խոսքով՝ «եթե հակամարտությունն ավարտվել է և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ապա ի՞նչ կարիք կա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը»։
Ալիևի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելով։