«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրազեկում է, որ վերջին օրերին ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ։
«Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:
Խոշոր հաշվով ըստ վերլուծության արդյունքների՝ հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով՝
ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականացրած վերլուծության՝ հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:
Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվեն տեղայց և տեղազննություն:
Արդյունքների մասին պատշաճ կծանուցի ընկերությունը»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

















