Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանը խոսել է ժողովրդագրության ռազմավարության մշակման առանցքային նպատակի, հիմնական ուղղությունների և սահմանված գերակայությունների մասին՝ մանրամասնելով ռազմավարական չորս նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման ու բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման ուղղություններով նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։
«Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում ենք այս փաստաթղթի վրա, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել նաև հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ։ Բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նաև գործընկեր տարբեր գերատեսչությունների հետ․ արդյունքում՝ ստացել ենք ավելի քան 700 առաջարկ, որոնք հիմնականում հաշվի են առնվել և ներառվել են ռազմավարությունում։ Այսօր ունենք մի փաստաթուղթ, որում ամրագրված է ՀՀ առաջիկա տասնամյակների համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու տեսլականը»,- նշել է նախարարը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը ևս իր ելույթում ընդգծել է Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար ևս։
«Այս ռազմավարության մեր տեսլականը հստակ է՝ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք, որը նպաստում է մարդկային ներուժի երկարաժամկետ զարգացմանը և բարձրացնում է կյանքի որակը բոլորի համար։ Այս տեսլականը ոչ միայն համահունչ է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այլև արտացոլում է երկրի կառավարության հանձնառությունը կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Ֆլորենս Բաուերը։