ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղ առավոտյան հրապարակած տեսանյութը, որն իբր նպատակ ուներ հաստատելու Մեղրիի փոխանակման մասին նախկինում պտտվող լուրերն ու «ասեկոսեները», իրականում ահազանգ է՝ հասկացնելու համար, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է։
Այսօրվա ասուլիսը, ամենայն հավանականությամբ, հանդիսանալու է մի յուրատեսակ ակնարկ կամ անոնս, որ ինչ-որ մասշտաբային ու, թերևս, արդեն կանխորոշված բան է պատրաստվում։ Եթե մենք չենք ուզում առերեսվել ճշմարտության հետ, ապա ժամանակը, անողոքաբար ամեն ինչ իր տեղը կդնի։
Եվ ի՞նչ զգացողություն է դա գիտակցել, բայց մնալ անհաղորդ: Հերթական անգամ անօգնական հետևել, թե ինչպես են փլուզվում սահմանները, ինչպես է կորսվում Հայրենիքը, և, ընդհանրապես, ինչպես է հայրենի հողը սողում մեր ոտքերի տակից։ Կարծես վստահությունն ու հավատը ազգային շահերի պաշտպանության հարցում վաղուց են փլուզվել։
Հարցն ավելի ու ավելի հնչեղ ու դրամատիկ է դառնում՝ պատրա՞ստ է արդյոք ազգն ու հանրությունը դիմակայել այս գոյութենական մարտահրավերին: Վայ մեզ, եթե այս խաղում շարունակենք մնալ սոսկ հանդիսատես։ Վայ մեզ, եթե երկխոսության ու միասնության փոխարեն ընտրենք թաքստոցն ու ապատիան։
Մտածե՛ք՝ ի՞նչ կլինի մեր վաղվա օրվա հետ, եթե այսօր հանգուցալուծող ձգանը չքաշվի ու ազգային զենքը չկրակի»։