Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև ոչ ամբողջական տառբերակով ներկայացնում ենք Le Point-ի հարցազրույցը.
«Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120.000 մարդու պարտադրելով աքսորման։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է: Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին:
Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք:
Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։ Դա շոկ էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:
Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է:
Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։
Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։
Սա մեզ համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է: Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը…
Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և հարևաններ ենք մնալու։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի կիրառմամբ ու սպառնա։
COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, պետք է անցկացվի նոյեմբերին Ադրբեջանում։ Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել օտարերկրյա առաջնորդներին, ովքեր կայցելեն Բաքու:
Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենք ցանկանում ենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա։
Արդյո՞ք միջազգային հանրությունը չափազանց ներողամիտ է Ադրբեջանի նկատմամբ:
Ադրբեջանն աշխարհում ազատության ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է։ Ըստ Freedom House-ի՝ նրա ազատության ինդեքսը 100 հնարավորից 7-ն է։ Մեծ տերություններից Ֆրանսիան միակն էր, որ պատասխանատվության կանչեց Բաքվի ռեժիմին։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Նրանք պետք է անեն շատ ավելին, քան արել են նախկինում»: