Razboy բեմական կեղծանունով հանդես եկող Վարդան Նահապետյանը տարիներ շարունակ իր ստեղծագործական ուղին կառուցել է հայկական ֆոլկլորի և ժամանակակից միջազգային հնչողության համադրության շուրջ։
Երաժշտության հանդեպ սերը սկսվել է դեռ մանկությունից, ինչն էլ իր մեջ ձևավորել է մայրը։
«Հիշում եմ՝ մոտավորապես վեցերորդ կամ յոթերորդ դասարանում արդեն հասկանում էի, որ երաժշտությունն ինձ համար պարզապես հոբբի չէ, այլ մի բան, առանց որի չեմ կարող ապրել»,- նշեց արտիստը։
Կոնսերվատորիայի երրորդ կուրսում արդեն սկսեց ձայնագրել իր առաջին ալբոմի երգերը, քանի որ այդ ժամանակ երաժշտության մասին ավելի հստակ պատկերացում ուներ, հասկանում էր հարմոնիան, ակորդներն ու նոտաները և սկսեց համագործակցել տարբեր երաժիշտների հետ։
Վարդանը նախատեսում էր ալբոմը թողարկել կոնսերվատորիան ավարտելուց հետո, սակայն այդ շրջանում անկանխատեսելին եղավ՝ մահացավ իր ուղին նոր կերտող արտիստի հայրը:
«Դրանից հետո շուրջ երկու տարի լռեցի և երաժշտական առումով կարծես հեռացա հանրությունից, բայց այդ ընթացքում երբեք չդադարեցի աշխատել։ Երաժշտությունը շարունակում էր ապրել իմ ներսում, նույնիսկ այն ժամանակ, երբ ես պատրաստ չէի այն կիսել աշխարհի հետ»։
Նրա սինգլը՝ Nowhere Clear-ը թողարկել է Warner Bros-ը`Razboy Music Production-ի միջոցով:
«Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ կյանքում հնարավորությունները միշտ կան․ ամեն ինչ կախված է մեզանից՝ մեր հավատից, համարձակությունից և մեր երազանքների համար պայքարելու պատրաստակամությունից»,- հավելեց Razboy-ը:
Տարիներ շարունակ Վարդանը չի բացահայտել իր բեմական անվան իրական իմաստը։ Այժմ արտիստը որոշել է առաջին անգամ անկեղծորեն պատմել, որ անվան մեջ գաղտնագրված են ռազմիկի կերպարն ու մարտի գաղափարը՝ խորհրդանշելով մարդու և նրա պայքարի միասնությունը։
«Ես հավատում եմ, որ կյանքում յուրաքանչյուրս մեր պատերազմն ունենք։ Միշտ չէ, որ այդ պատերազմը զենքերով է կամ տեսանելի է ուրիշներին։ Երբեմն այն տեղի է ունենում մեր ներսում, երբեմն՝ կյանքի հանգամանքների, դժվարությունների և փորձությունների դեմ պայքարում»:
Ալբոմից առաջ Razboy-ը ներկայացրել է «Nowhere Clear» երգը, որի մեղեդին ստեղծել է դեռևս 2014 թվականին։ Էլեկտրոնային այս ստեղծագործությունը տարբերվում է ալբոմի մյուս երգերից և արտիստին ներկայացնում է վոկալային մեկ այլ կողմով։ Երգում պահպանվել է տարիներ առաջ ձայնագրված վոկալը, թեև այդ ընթացքում նրա ձայնը փոխվել և հասունացել է։
«Եթե հումորով ասեմ՝ այն ժամանակ տղայի ձայն ունեի, իսկ հիմա արդեն տղամարդու ձայն ունեմ,- կատակեց Վարդան Նահապետյանը:
Ալբոմում առանձնահատուկ տեղ ունեն նաև «Կյանք» և «Dreamer» երգերը։ Դմիտրի Կանավալովի հեղինակած «Կյանք» երգը ձայնագրվել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Goldmen Records ստուդիայում։ Այն առանձնանում է մանկական երգչախմբի և Նատալյա Պավլովնայի իմպրովիզների մասնակցությամբ։ Թեև երգը ռուսերեն է, արտիստի խոսքով՝ դրա ասելիքը հարազատ է նաև հայերին։
Իսկ «Dreamer» երգի երաժշտությունն ու խոսքերը հատուկ նրա համար գրել են Անի և Քրիստինե Մարգարյանները։ Ձայնագրությունն իրականացվել է Հայաստանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Գործիքավորման վրա աշխատել են Գարիկ Հայրապետյանը, Գեորգի Դոբրուշինը և Դմիտրի Կանավալովը։
Razboy-ի համար կարևոր է պահպանել սեփական երաժշտական ինքնությունն ու ոճը՝ անկախ կոմերցիոն հաջողության հնարավորություններից։ Նրա նպատակն է հայկական երաժշտական արմատները ներկայացնել ժամանակակից ձևով՝ չկորցնելով դրանց ազգային ոգին։
«Ինձ համար իսկական հաջողությունն այն է, երբ տարիների ընթացքում կարողանում ես հավատարիմ մնալ ինքդ քեզ, պահպանել քո դեմքը երաժշտության մեջ և ստեղծել մի բան, որն առանձնահատուկ է հենց քեզանով», — եզրափակեց երգիչը։

