Հակակոռուպցիոն դատարանը 2025 թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։
«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,-«Հետքին» ասել է Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տան սեփականատեր Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, 2022 թ․-ին տունը վաճառել էր գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Լ. Պետրոսյանը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը, սակայն, սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ 2023թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում և վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս գումարը չի վճարվել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և արգելվել է վճարում կատարել։

















