Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի, ինչո՞ւ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։ Նախ Ալիեւն ասել է, որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։ Ալիեւը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։ 1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ, որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին, իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։ Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ, որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/) ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300.000 ադրբեջանցի… Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիեւը նաեւ խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում, որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։ Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։ Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
Ալիեւը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է։ Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։ Տեսանք քո բանակցածը…»։