Իմպիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ի՞նչ են նշանակում ձևակերպումները, որոնք տալիս են «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեզ հետ, շանտաժի այս լեզվով»,-ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ իրենք «Պատիվ ունեմ» խմբակցությանը պարզ հարցադրումներ են արել՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար և փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նա նշեց՝ քանի որ կոնկրետություն չի եղել, իրենք բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակել են՝ ցույց տալու համար, որ համաձայն են Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։
«Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար, հատկապես, եթե գնում ենք 54-ի հետևից: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել»,-ասաց նա։