Ժամանակակից առցանց խաղային հարթակները հաճախ ապահովում են խաղացողների միջև ուղիղ հաղորդակցություն՝ տեքստային և ձայնային կապի միջոցով։ Թեև այդ հնարավորությունները նպաստում են խաղի ինտերակտիվությանը, դրանք կարող են պարունակել լուրջ ռիսկեր հատկապես անչափահասների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։
Մասնագետների դիտարկմամբ՝ առցանց խաղերի ընթացքում երեխաները կարող են բախվել մի շարք վտանգների, այդ թվում՝
— անծանոթ անձանց հետ շփման տարբեր թեմաներով,
— անձնական տվյալների ստացման փորձերի,
— վիրավորանքների, հոգեբանական ճնշման կամ սպառնալիքների,
— խաղից դուրս շփման առաջարկների՝ այլ հարթակներում (Telegram, WhatsApp, սոցիալական ցանցեր),
— կասկածելի հղումների կամ ֆայլերի փոխանցման փորձերի,
— ինչպես նաև իրական հանդիպումների առաջարկների։
Որոշ դեպքերում անծանոթ անձինք կարող են ներկայանալ որպես երեխաներ խաղընկերներ՝ նպատակ ունենալով շահել երեխայի վստահությունը և հետագայում պատճառել վնաս։
Հատուկ զգուշություն է անհրաժեշտ, եթե խաղի ընթացքում որևէ անձ՝
— արագ փորձում է մտերմանալ,
— հետաքրքրվում է անձնական տվյալներով,
— հորդորում է չտեղեկացնել ծնողներին,
— ուղարկում է հղումներ կամ խնդրում է ներբեռնել ֆայլեր,
— տարբեր պատճառաբանություններով պահանջում է անձնական լուսանկարներ։
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը խորհուրդ է տալիս ծնողներին ակտիվ մասնակցություն ունենալ երեխաների առցանց անվտանգության ապահովման գործում։ Մասնավորապես՝
— ծանոթանալ այն խաղերին, որոնք խաղում է երեխան, և դրանց հաղորդակցման հնարավորություններին,
— բացատրել, որ առցանց միջավայրում մարդիկ միշտ չէ, որ ներկայանում են իրական ինքնությամբ,
— սահմանել հստակ կանոններ՝ խաղի ընթացքում թույլատրելի և արգելված տեղեկատվության վերաբերյալ,
— օգտագործել ծնողական վերահսկման և գաղտնիության կարգավորումները,
— խրախուսել, որ երեխաներին ցանկացած անհարմար կամ կասկածելի շփման դեպքում անմիջապես տեղեկացնի ծնողներին։
Երեխաների առցանց անվտանգությունը պահանջում է շարունակական ուշադրություն, բաց հաղորդակցություն և փոխադարձ վստահություն ծնողների և երեխաների միջև։

















