Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ իր հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
«2016, 2017 կամ 2018 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է՝ չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամ ու ոչ բարեկամ երկրներն ասում են՝ «եթե այդպես էր՝ ճանաչեիք»։ Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես եղել եմ պատգամավոր ու ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչենք, մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ, շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է՝ չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կլիներ։ Ղարաբաղը Հայաստա՞ն է՝ չէ, Ղարաբաղը Հայաստան չէ։ Լավ, ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կա՛մ պետք է ծնվի երեխան, կա՛մ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կա՛մ պետք է ծնվի կեսարյան հատումով, կա՛մ՝ բնական ճանապարով, կա՛մ կենդանածին պետք է լինի, կա՛մ՝ մեռելածին, կա՛մ տղա պետք է լինի, կա՛մ՝ աղջիկ։
Նա ասաց, թե պատահական չէ, որ տասնյակ անգամ ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն է մեջբերել։
«Այն, որ այս հղիությունը պետք է ևս ինն ամսով երկարացնենք՝ կներեք, աբսուրդ մոտեցում է, ու, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ի՞նչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ինչքանո՞վ է ճիշտ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ վերջին չորս տարում ինքն իրեն ամեն օր հարցեր է տվել ու պատասխանել, պատասխաններից մեկն այսօր կիսեց հանրության հետ։
«Ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին ու ինչքանո՞վ է ճիշտ, կամ ինչքանո՞վ է ճիշտ կամ սխալ այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Ուզում եմ ասել իմ տպավորությունը՝ եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը ևս «ինն ամիս» ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր, եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ վարել ենք ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր ու տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- հայտարարեց նա։