Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակցի, նախագահի, վարչապետի հետ, քննարկել իրադրությունը Գազայի հատվածում, Լիբանանում:
Արաղչին ընդգծել է, որ Գազայի ու Լիբանանի դեմ գործողությունները կանխելու համար տարածաշրջանի երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը: Նա շեշտել է, որ մյուս երկրների դեմ Իսրայելի շարունակական սպառնալիքները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր երկրները պատասխանատվություն են կրում լայնամասշտաբ պատերազմի պարտադրումը կանխելու հարցում:
Իրաքյան կողմը վերահաստատել է աջակցությունը Գազային ու Լիբանանին և ընդգծել պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: Իրաքի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Մենք պատերազմի չենք ձգտում, մենք պատերազմ չենք ցանկանում, այլ՝ խաղաղություն: Բայց պատերազմից էլ չենք վախենում: Պատրաստ ենք և՛ պատերազմին, և՛ խաղաղությանը: Ուրախ եմ, որ լսեցի Իրաքի արտգործնախարարի վճռական դիրքորոշումն առ այն, որ թույլ չեն տա, որ իրենց երկրի օդային տարածքն օգտագործվի ընդդեմ Իրանի կամ որևէ այլ երկրի: Սա այն բարեկամական ու եղբայրական դիրքորոշումն է, որն ակնկալում էինք Իրաքի կառավարությունից»: