Իրանը տեղյակ է եղել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել են Սիրիայի կառավարությանը:
Այս մասին իրանական պետական հեռուստատեսությամբ հատուկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ամեն ինչ պարզ էր։ Եվ վերլուծությունները, և տեղեկատվական հաղորդագրությունները նախապես մատնանշում էին, որ նման (ընդդիմադիր – խմբ.) շարժում կառաջանա։ Թե վերլուծության, թե հետախուզական տվյալների տեսանկյունից մենք գիտեինք, որ ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից կա կուլիսային ծրագիր։ Տեղի ունեցողի և հետախուզության տեսանկյունից մեր երկրում և Սիրիայում հատուկ ծառայությունները լիովին տեղյակ էին ընդդիմության շարժումների մասին ։ Եվ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայի կառավարությանը և սիրիական բանակին», – հայտարարել է Արաղչին։
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։
Դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։