«Փաստ» օրաթերթը գրում է. kapital-rus.ru–ն հրապարակել է լրագրող Յուրի Պոդոլ յակայի հոդվածը, որի կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար գլխավոր պարադոքսը ամփոփված է երկու բառի մեջ, այն է՝ «անհարմար ժամանակ»։ Փաստացի գրեթե յուրաքանչյուր իրադարձություն նրանց վրա է ընկնում սխալ պահին։
Նախ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսեց քանդել Արևմտյան դաշինքի միասնությունը, որին Երևանը այդքան հավատարմորեն ծառայել էր։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ստիպված է ընտրել, թե ում հետ ընկերանալ՝ Թրամփի Ամերիկայի՞, թե՞ եվրոպական բյուրոկրատիայի։ Բանն այն է, որ դրանք այլևս մեկ ուժ չեն։ Վաշինգտոնի հետ բարեկամությունը նրան դարձնում է ԵՄ-ի թշնամի, ուստի ինչու՞ խոստանալ իր կողմնակիցներին քայլ դեպի Եվրոպա։ Բրյուսելի հետ դաշինքը Հայաստանին հակադրում է Թրամփին, ուստի որտե՞ղ են անվտանգության երաշխիքները։ Իսկ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս եվրոպացիների թուլությունը. եթե նրանք նույնիսկ չեն կարողանում այն պաշտպանել, ապա դա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պարզապես ամբողջությամբ կուլ կտան Հայաստանին։
Հաջորդը՝ Թրամփը բացահայտորեն խաթարում է եվրոպական տնտեսությունները. եվրագոտում արտադրությունը փլուզվում և գնում է դեպի անդունդ։ Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը պետք է կառչի այդ խորտակվող գնացքից, երբ սեփական տնտեսությունն աճում է դեպի Ռուսաստան ապրանքների տարանցման շնորհիվ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ անհնար է միաժամանակ ինտեգրվել և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄին։ Ընտրությունը պարզ է՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ Մոսկվա։ Ռուսաստանի հետ առևտուրը 2025 թվականին հասել էր 14 միլիարդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ ընդամենը 2 միլիարդ դոլար էր։ Ռուսական օգուտները իրական են և ուղիղ գնում են հայերի գրպանը, մինչդեռ եվրոպական օգուտները միրաժ են, որը ցանկացած պահի կարող է անհետանալ։
Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. նախ՝ գովեստ և փողով պաշտպանության խոստումներ, ապա՝ լիակատար ձախողում, լքվածություն և ուրիշի շահերի համար մահ։ Նաև Քուրդիստանի պարագայում, որը վստահել էր Եվրոպային, այժմ էթնիկ զտումների միջոցով ոչնչացվում է թուրքերի կողմից, ակնհայտ է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ համեմատությունը։ Եվ այս ամենը տեղի է ունենում այս տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Փաշինյանի և նրա թիմի համար անգամ դա է առավել քան անհարմար ժամանակ։ Ավելի լավ կլիներ, եթե դրանք ընդհանրապես տեղի չունենային»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















