Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հույս ունի, որ այդ հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը: Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է Իսպանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս։ Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը և հուսով է, որ այն շուտով կստորագրվի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»,-Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։