«Հետքը» գրում է. ««Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:
Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:
Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:
Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել:
Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները: Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից:
Հուլիսի 9-ին վարչապետի արած հայտարարությունից հետո կարելի է սպասել, որ կենսաչափական նոր անձնագրերում ՀՀ քարտեզը փոփոխության կենթարկվի, եւ դրա վրա կառանձնացվեն խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական անկլավները, որոնց առաջացման իրավական հիմքը նույն Փաշինյանը նախկինում կասկածի տակ է դրել (տես այստեղ եւ այստեղ): Կարելի է ակնկալել, որ վարչապետը նման հայտարարություն անելուց հետո «հայելային մոտեցում» կցուցաբերի նաեւ ՀՀ քարտեզի տեսքով իր կրծքանշանի նկատմամբ, որի վրա այս պահին անկլավներ չեն երեւում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
