«Փաստ» օրաթերթը գրում է. Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Գնահատման գործունեության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։
Կադաստրի կոմիտեն թվայնացման ռազմավարության օրակարգի շրջանակում ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ թվային փոխակերպմանը նպաստող միջավայրի ձևավորման նպատակով։ Թվայնացման գործընթացների արագ զարգացումը և դրանցից բխող նոր մարտահրավերները պայմանավորում են նաև Կադաստրի կոմիտեի կողմից «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Գնահատման գործունեության մասին» օրենքների պահանջներին համապատասխան Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող որակավորման վկայականների թվայնացման անհրաժեշտությունը։
Գործող իրավակարգավորումների համաձայն, որակավորման վկայականները տրամադրվում են թղթային տարբերակով, ինչպես նաև սահմանված է դրանց կրկնօրինակների տրամադրումը։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայականների տրամադրման ամբողջական թվայնացումը։ Թվայնացումը վերացնում է դիմողի ֆիզիկական ներկայության պահանջը և սահմանում է, որ որակավորման վկայականը տրվում է բացառապես էլեկտրոնային ձևաչափով՝ որակավորման անցկացվելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այն ուղարկելով մասնակցի կողմից դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Որակավորման վկայականի իսկության և վավերականության երաշխավորման համար վերանայվում են դրանց ձևերը՝ ներդրվում են արագ արձագանքման (QR) կոդ և հսկիչ համար՝ որպես միասնական և վերարտադրելի նույնականացուցիչներ։ Նշված մեխանիզմները հնարավորություն են տալիս երրորդ անձանց կողմից անմիջական առցանց ստուգման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում, ինչը բացառում է փաստաթղթային կրկնօրինակների շրջանառության անհրաժեշտությունը, նվազեցնում է սխալների և կեղծիքի հավանականությունը և բարձրացնում է վարչարարության թափանցիկությունը։Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատվում են վարչարարության ժամկետները։
Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։ Միևնույն ժամանակ ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։