Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։
Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։
Այսպիսով` քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։
Նախագծով սահմանվում են էական երաշխիքներ․
• հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիփոթեքային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը,
• գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգությունը,
• գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացված գումարի չափը,
•սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ՝ ֆինանսական և իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում՝ամուսիններից մեկի մահից հետո կողակիցը շարունակում է սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։
Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։
Այս ինստիտուտները լայնորեն կիրառվում են մի շարք զարգացած երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա)՝ ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում և քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամտի վերածելու նոր հնարավորություն։
Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում․

















