Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և համարել անհետաձգելի։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝
1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,
2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,
4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:
Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։
Ինչպես նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, այս պահին վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ այն հանգամանքից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ:
«Վարելու իրավունքից զրկման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո, քաղաքացիները, որպես կանոն, 1 տարի ժամկետով զրկվում են վարորդական իրավունքից: Այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն՝ 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը։ Ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կարող են դիմել և վճարելով պետական տուրքը, որն այս օրենսդրական նախաձեռնության շրջանակում կազմում է 50 հազար դրամ՝ միայն մեկ անգամ վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների: Դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու պայմաններում, բնականաբար, վերականգնման ռեժիմը կիրականացվի բացառապես քննությունների եղանակով։
Ըստ նախարարի՝ որոշումը չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հեգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին առնչվող՝ վարելու իրավունքից զրկման որոշումներին:

















