Հոկտեմբերի 9-ին, Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Պաշտպանության նախարարները մասնավորապես ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում է։
Երկկողմ ձևաչափով հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման հարցեր, ինչպես նաև՝ այլ թեմաներ: