Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական ակտ, որի երեք հատվածներից մեկի հետ Գորիսի քաղաքապետը համաձայն չի եղել։ Խոսքը նրա կողմից պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին է. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ՝ համաձայնվել․ «Ներկայացել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա․ ընթացիկ դատական գործ կա, ուստի հատուկ կարծիք չասեմ»։
Նախարարն ասաց, որ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։ «Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու»,-ասաց նա և նշեց, որ պետք է սպասել առաջիկա նիստին։