ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից հայտնում են, որ բազմաթիվ օգտատերեր էլեկտրոնային փոստի միջոցով կարող են ստացած լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ուղարկված կեղծ հաղորդագրություններ։
Տեղեկության համաձայն՝ զեղծարարների կողմից գործարկվել է «civilcontact.am» դոմենային անվանումը, որի միջոցով ստեղծվել են կեղծ էլեկտրոնային հասցեներ։ Նման հաղորդագրությունների հիմնական նպատակն է խաբեության եղանակով տիրանալ օգտատերերի զգայուն տվյալներին, մասնավորապես՝ էլեկտրոնային փոստերին, կամ տարածել ապատեղեկատվություն։
Կիբեռոստիկանության գնահատմամբ՝ սա ֆիշինգային հարձակման հերթական օրինակ է։
Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին լինել զգոն, միշտ ստուգել հաղորդագրություն ուղարկողի ամբողջական տվյալները և չանցնել կասկածելի հղումներով։

















