Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին՝ ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները: Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։