Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով առաջին այցով գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնել են Նախագահի աշխատակազմից:
Նախագահը, ողջունելով հյուրին, նշել է․ «Ձեր այցը կարևոր է, որովհետև օգոստոսի 8-ից մեր իրականության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր, երբ նշում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը, ըստ էության հնարավորություն ունենք լիարժեք խաղաղ կյանքով ապրելու։ Այս ճանապարհին մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել նաև ԵՄ աջակցության շնորհիվ։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հատկապես սերտ է եղել, և դրա տրամաբանությունն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Գնահատելի է այն աջակցությունն ու օգնությունը, որ ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանին»։
Իր հերթին՝ հանձնակատար Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հավելելով․ «Պատիվ է առաջին այցելությունս Հայաստան սկսել Ձեր հետ հանդիպմամբ՝ այն կարևոր օրվա նախաշեմին, երբ նշում եք Ձեր երկրի անկախության 34-ամյակը։ Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր աշխատակազմին և Ձեր ժողովրդին։ Այն, ինչ դուք արդեն ձեռք եք բերել, և մեր ցանկությունը՝ ԵՄ-ի կողմից շարունակել լինել ձեր կողքին այս ջանքերում, պատմական կարևորություն ունի»։