Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում մասնակցել եմ պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։ Այս մասին գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Պանելային քննարկման ժամանակ պատասխանել եմ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված Հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին և ռազմավարական առաջնահերթություններին։
Ընդգծել եմ, որ Հայաստանի Կառավարության ռազմավարական առաջնահերթություններն են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամբողջական իրականացումը՝ այդ թվում TRIPP երթուղու գործարկումը։
Հայաստանը, առաջ քաշելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նպատակ է հետապնդում ապահովել տրանսպորտային կապակցվածությունը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։
Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանային առևտրի խթանմանը, ինչպես նաև կնպաստի Միջին միջանցքի թողունակության ընդլայնմանը՝ ստեղծելով լրացուցիչ երթուղիներ, որոնք կանցնեն Հայաստանով։
Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար, միջազգային ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչ Ֆիլիպ Տաբարոտը, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը»,-գրել է նա:

















