Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ, մեր շուրջը համերաշխ միջավայրի ստեղծումը, մեր տնտեսական կապերի աշխուժացումը և առաջին հերթին տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորմանն ու խորացմանն է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը:
Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Սրա մասին է վկայում մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այս համատեքստում առաջին հերթին նկատի ունենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կապուղիների՝ առաջին հերթին երկաթուղու ապաշրջափակումը և վերագործարկումը, որի ուղղությամբ բանակցություններն ընթանում են և բավական ինտեսիվ են: Մաղթում եմ մեր երկու երկրներին և մնացած շահագրգիռ կողմերին, որ ունենաք առաջընթաց»,- ասաց նա:
Միրզոյանն ընդգծեց, որ առաջնահերթությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է: Նախարարը հիշեցրեց, որ այս տարի եղել է էական ձեռքբերում՝ ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբևէ գոյություն ունեցած, առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքը կարգավորող կանոնակարգը:
«Իհարկե, խաղաղության պայմանգիրը կա: Այստեղ դեռ մնացել են 1-2 ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտեսիվ, քան նախորդ շրջանում, նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում: Ես կուզենայի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք շատ մոտ ենք, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»,- ընդգծեց Միրզոյանը: