Փետրվարի 16-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։
Իրավապահները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները և դեպքի վայրում եղած մեկ մոտոցիկլ տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին, իսկ օպերատիվ տեղեկություններով մոտոցիկլավարը նույնպես տուժող է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի, կրակոցներ արձակողի և ավտոմեքենաների սեփականատերերի ու մոտոցիկլավարի ինքնությունը։

















