«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի լարված փոխհարաբերությունները սկսել են նյարդայնացնել նաև մարզպետարանի աշխատողներին, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ղեկավարներին, որոնք հայտնվել են երկու քարի արանքում և զգուշավոր են դարձել ու լարախաղացի նման ամեն ինչ անում են, որ երկու պաշտոնյաներից ոչ մեկի աչքի փուշը չդառնան։
Նախօրեին` նույն օրը, գրեթե նույն ժամերին, մարզպետն առանձին է խնջույք կազմակերպել՝ ռեստորան հրավիրելով դպրոցի տնօրեններին, ԲԿ աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայությամբ այլ հիմնարկների աշխատակիցներին, իսկ Կապանի քաղաքապետ Փարսյանն էլ քաղաքի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն է արել, որին հրավիրված մարդկանցից շատերը չեն կարողացել մասնակցել՝ մարզպետի միջոցառմանը մասնակցելու պատճառով։ «Հեչ սիրուն չի, հատկապես սահմանային Սյունիքում, երբ արտաքին մարտահրավերները գլխներիս կախված են, իսկ մենք ներքին գզվռտոցի ենք ականատես լինում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը»։