ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը գրում է.
«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները:
Չինաստանն ու միջինասիական երկրները Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք ծրագրի Ադրբեջանով (Միջին միջանցք), Ռուսաստանով ու Իրանով անցնող տարբերակներից երկրորդին ու երրորդին դեմ է հավաքական արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը դեմ են առաջին տարբերակին: Ռուսաստանի ու Իրանի տեսակետից նպաստավոր է «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի անորոշ ժամանակով հետաձգումը, քանի որ վերանում է Միջին միջանքի իրականացման երկու հնարավորություններից մեկը ու մնում է միայն Ադրբեջան-Վրաստան երթուղին: Եթե հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունից հետո պահպանվեն Վրաստան-հավաքական արրևմուտք սառը ու Վրաստան-Ռուսաստան լոյալ հարաբերությունները, հավանաբար, Միջին միջանցքի գաղափարը չի իրականանա ու կմեծանա ծրագրի Ռուսաստանով և/կամ Իրանով անցնող տարբերակների հավանականությունը:
Ալիևը այս զարգացումներից պիտի որ տեղյակ լիներ առնվազն ապրիլին Պուտինի հետ մոսկովյան հանդիպումներից: Միջին միջանցքի գաղափարի չեղարկման դիմաց, հավանաբար, Ալիևը Ռուսաստանից ու Իրանից պիտի երաշխիքներ ստացած լինի, որ Ռուսաստանն Իրանին կապող Հյուսիս-Հարավ ծրագրում Ադրբեջանը համարժեք դերակատարում պիտի ունենա ու վերջապես պիտի կառուցվի Ադրբեջանը Իրանին կապող Ռեշտ-Աստարա երկաթգիծը:
Առաջիկայում լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանն Իրանին կապող չորս տարբերակների (Վրաստան-Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, Ղազախստան-Թուրքմենիա) շահառուների միջև: Ինչպես ուրիշ շատ դեպքերում՝ այս հարցում ևս հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է»: