Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. Մասիսի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 16-ին՝ ժամը 16․40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հովտաշատ գյուղի 46-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքների արդյունքում 46-ամյա տղամարդը խոստովանել է արարքը և հայտնել, որ գումարը թաքցրել է տանը։ Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա տանը թմրամիջոց է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1 միլիոն 120 հազար դրամ, մարիխուանա տեսակի թմրամիջոց և ինքնաձիգի փամփուշտներ:
Կատարվում է նախաքննություն:

















