Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 13, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման և ինքնիրավչության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, շորթման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնավնասման և 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։