Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Այս մասին գրում է Tert.am-ը։
Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք «Մեր ձևով» շարժման անդամներն են։
Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի»։ Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։
«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը։

















