ԱՄՆ-ում հայազգի հեղինակավոր ճարտարապետ Գևորգ Գրիգորյանը, պարզվում է, առաջատար է դարձել Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրապայքարում՝ համայնքի կողմից հավաքագրված նվիրատվությունների ծավալով։
Գլենդել, Կալիֆորնիա – Առաջին պաշտոնական ֆինանսական հաշվետվության տվյալներով, Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու Գևորգ Գրիգորյանը դարձել է առաջատար՝ համայնքի կողմից հավաքագրված նվիրատվությունների ծավալով։
Ընտրարշավի մեկնարկը բավականին խոստումնալից է մեր հայրենակցի համար։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Գևորգ Գրիգորյան՝ Քաղաքային խորհրդի համար 2026» ընտրարշավում հաշվետու է եղել 75,310.89 ԱՄՆ դոլար համայնքային (grassroots) նվիրատվությունների, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 105,410.89 ԱՄՆ դոլար։ Սա վկայում է հասարակական լայն աջակցության եւ հանրային վստահության մասին։
Պաշտոնական հաշվետվությունների համաձայն` Գրիգորյանը հավաքագրել է ավելի շատ անհատական նվիրատվություններ, քան ցանկացած այլ թեկնածու, ինչը փաստում է, որ նրա ընտրարշավը սնուցվում է ոչ թե ինքնաֆինանսավորմամբ, այլ Գլենդելի բնակիչների իրական աջակցությամբ։ Քաղաքացիներն իրենք են ներդրում արել ընտրարշավում՝ փորձելով այդկերպ աջակցել թեկնածուին։
Ուշագրավ է, որ աչք շոյող արդյունքներ ապահովելու ու հանրային վստահության իմիտացիա ստեղծելու համար որոշ թեկնածուներ դիմել են այլեւայլ միջամտությունների, այդ թվում՝ անձնական վարկերի հաշվին փորձելով կլորիկ գումարի նվիրատվություն ցույց տալ։
«Այս ընտրարշավը կառուցվում է վստահության, մասնակցության և Գլենդելի ապագայի հանդեպ համատեղ հավատքի վրա։ Յուրաքանչյուր նվիրատվություն նշանակում է մեկ քաղաքացի, ով ընտրում է պատասխանատու ղեկավարություն, հաշվետվողականություն և մի քաղաք, որը ծառայում է բոլորին», – ասել է Գրիգորյանը։
Ըստ դիտորդների, այն, որ տեղական ընտրություններում այս նախնական փուլում ընտրողները կամավոր գումար են ներդնում եւ համայնքային ֆինանսավորում է իրականացվում, դա խոսում է ակտիվ ընտրական ներգրավվածության, ընտրողների ոգևորության եւ հեռանկարային քաղաքական վստահության մասին։
Գրիգորյանի աջակիցների շրջանակը բավականին լայն է՝ շարքային բնակիչներ, գործարարներ, ոլորտային մասնագետներ, համայնքային լիդերներ, հանրային դեմքեր, որոնք միավորվել են անվտանգ թաղամասերի, պատասխանատու քաղաքաշինության և ներառական կառավարման տեսլականի շուրջ։
«Որպես ճարտարապետ և համայնքային առաջնորդ՝ ես միշտ հավատացել եմ, որ ամուր հիմքերը ամենակարևորն են։ Այս մակարդակի աջակցությունը ցույց է տալիս, որ մենք միասին իրական բան ենք կառուցում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում յուրաքանչյուրին, ով հավատում է այս շարժմանը, որովհետև ձեր աջակցությամբ հնարավոր են մեծ ձեռքբերումներ»։
Ընտրարշավը ակնկալում է առաջիկա ամիսներին համայնքային մասնակցության և ֆինանսավորման շարունակական աճ՝ Գլենդելի տարբեր թաղամասերում իրականացվող ակտիվ հանդիպումների և շփումների միջոցով։

















