Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
– Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։
– Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է։
Ես հանդիպում եմ ունեցել նախարար Ֆիդանի հետ։ Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։
– Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել, գուցե մատնանշել որոշակի արդյունքներ։
–Տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:
Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ։