Meta ընկերությունը տեղեկացրել է, որ չեղարկում է որոշ սահմանափակումներ, որոնք կիրառվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվների նկատմամբ Facebook-ում և Instagram-ում, տեղեկացնում է Reuters-ը։
Ընկերությունը որոշակի ժամկետով արգելափակել էր Թրամփի օգտահաշիվներն այն բանից հետո, երբ նա գովել էր ԱՄՆ Կապիտոլիումի դեմ 2021թ. հունվարի 6-ի գրոհի մասնակիցներին։ Այնուհետև ընկերությունը վերականգնել էր նրա օգտահաշիվները 2023թ. սկզբին՝ հայտնելով, որ կհետևի Թրամփի գրառումներին հետագա խախտումները պարզելու նպատակով, որոնք կարող են հանգեցնել ևս մեկ արգելափակման ժամկետի մեկ ամսից մինչև երկու տարով։ Թրամփն այլևս չի ենթարկվի լրացուցիչ մոնիթորինգի, տեղեկացրել է Meta-ն։
«Գնահատելով մեր պատասխանատվությունը քաղաքական ինքնարտահայտման հնարավորության ապահովման համար՝ մենք կարծում ենք, որ ամերիկացի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսելու նախագահի թեկնածուներին նույն հիմքով»,- նշված է Meta-ի բլոգի թարմացված հաղորդագրությունում։